Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից չորս տարի անց Եվրախորհրդարանում դեռ քննարկում են հայ - թուրքական հարաբերություններն ու սահմանի բացման հարցը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, եվրոպացի պատգամավորներն այս անգամ եկել էին լսելու Թուրքիայից հրավիրված լրագրող Չենգիզ Աքթարի եւ Հայաստանից քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի ելույթներն այն մասին, թե արդյոք հնարավո՞ր է վերադարձնել արձանագրությունները քննարկման սեղանին, եւ որո՞նք են հնարավոր քայլերը, որ կտանեն հայ - թուրքական հարաբերությունների բարելավմանը:

Թուրք լրագրողը նշել է, որ Թուրքիայում շարունակում է մեծ դեր խաղալ ադրբեջանական գործոնը: «Ցանկացած բան, որ կապ ունի Հայաստանի հետ հարաբերությունների հետ, անմիջապես հանդիպում է ադրբեջանական ճնշումներին», - ասաց Աքթարը` հիշեցնելով Երեւան - Վան չվերթների կասեցումը:

«Ադրբեջանցիների դիրքորոշումն այս հարցում հստակ է` Թուրքիան չպետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ Հայաստանը չի տալիս Լեռնային Ղարաբաղը», - շարունակեց թուրք լրագրողը:

Եվրամիությունում Թուրքիայի դեսպան Սելիմ Յենելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հարցում: «Մենք ուզում ենք տեսնել որոշ զիջողական քայլեր», - հայտարարել է նա:

«Հայկական կողմից մենք որեւէ քայլ չենք տեսել, այնպես որ՝ մենք չենք կարող քաղաքական վակուումում շարժվել: Սակայն եթե մենք տեսնենք դրական քայլ, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքերի դուրսբերում, որոշ տարածքների հանձնում, սա անպայման պատասխան դրական քայլի կարժանանա», - ասել է Յենելը՝ հավելելով․ - «Այս ուղերձը գաղտնիք չէ, մենք մի քանի անգամ այն հնչեցրել ենք, այնպես որ՝ մեր ուզածը դրական ժեստն է, որով հայերը իրենք իրենց կօգնեն, եւ մեր հարաբերությունները կնորմալանան»:

Հարցին, թե ինչու է դեսպանը վստահ, որ հարաբերությունների բարելավումից կշահի Հայաստանը, Եվրամիությունում Թուրքիայի դեսպանը պատասխանեց. - «Մենք բոլորս կշահենք դրանից: Չեմ ուզում հաշվարկներ անել, սակայն դա լավ կլինի թե՛ երկու երկրների, թե՛ տարածաշրջանի եւ թե՛ միջազգային հանրության համար: Մենք դրական փոփոխությունների կարիք ունենք, եւ հենց սրանով էլ կարելի է սկսել»:

«Համաձա՞յն եք այստեղ հնչած այն պնդմանը, որ ադրբեջանական իշխանությունները մեծ ազդեցություն ունեն հայ - թուրքական հարաբերությունների հարցում», - այս հարցին էլ թուրք դիվանագետը արձագանքել է․ - «Մենք միգուցե երկու տարբեր երկրներ ենք, բայց մի ժողովուրդ ենք: Մենք չենք կարող չնայել Ադրբեջանի կողմը: Դա մեր ամենամտերիմ երկիրն է, եւ մենք պետք է ուշադրություն դարձնենք նրանց: Մենք տեսնում ենք, որ նրանց հանդեպ անարդար են վարվել, եւ դա շտկելու համար մենք սպասում ենք Հայաստանի քայլերին: Սա ոչ թե պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ով ում վրա իշխանություն ունի, այլ արդարության տեսակետից»:

Եվրոպական խորհրդարանում հայ - թուրքական հարաբերությունների տեսանկյունից շատ խոսվել է նաեւ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին: Որոշ ադրբեջանամետ պատգամավորներ առիթը բաց չեն թողել այդ որոշումը ներկայացնելու որպես Ռուսաստանից կախվածության եւ Հայաստանի թուլության նշան:

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում