Երեւանի Մյասնիկյան պողոտայում  հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի ուղեւորուհու՝  ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանի վիճակը ծանր կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից:

Նա այժմ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, միացված չէ արհեստական շնչառության ապարատին: Հիվանդանոցից հայտնեցին, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի, պետք է վերին վերջույթների վիրահատություն անեն, կոնքի ոսկորները եւս կոտրված են, երկար ժամանակ նա կմնա անկողնում, դեռ հայտնի չէ՝ հետագայում կկարողանա քայլել, թե ոչ:

Մեր տեղեկություններով՝ երիտասարդ աղջիկը մահացած դերասանի՝ Երվանդ Ենգիբարյանի հյուրն էր Ռուսաստանից, եւ ամենայն հավանակությամբ, միջադեպի ժամանակ նրանք վերադառնում են սիրված դերասանի տարեդարձը նշելուց:

Երվանդ Ենգիբարյանին ճանաչողները, ինչպես նաեւ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմը սգի մեջ է, նրանք միայն դրական եւ լավ խոսքերով են հիշում Երվանդին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ Ալեքսանդր Գրիգորյանը  մեզ հետ զրույցում ասաց, նա վերջին երկու օրերին թատրոնում չէր երեւացել, թատրոնի առաջատար, լավագույն դերասաններից էր, կյանքով լեցուն երիտասարդ:

Թատրոնից մեզ նաեւ հայտնեցին, որ Երվանդ Ենգիբարյանի մայրը աշխատում է իրենց մոտ՝ որպես ռեժիսորի օգնական, հայրը աշխատում է Պարոնյանի անվան թատրոնում, նա ուներ մեկ քույր, ով ամուսնացած է եւ երեխաներ ունի: Թատրոնի նրա կոլեգաները նաեւ նշեցին, որ Երվանդը վերջերս էր մեքենան գնել վարկով, թեեւ վարել վաղուց գիտեր:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը նշեց, որ  դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված են մի շարք փորձաքննություններ: Դրանց եզրակացությունից էլ կախված է նյութերի ընթացքը՝ քրեական գործ կհարուցվի, թե ոչ: Քննիչը նշեց, որ վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու մասին վաղ է խոսել, դա ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը: Ինչ վերաբերում է մեքենան բարձր արագությամբ վարելուն, նա հստակ արագություն չնշեց՝ հավելելով, որ ենթադրվում է, որ հայտնի դերասանը արագ կարող է վարած լինել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) եւ տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա վարորդ Երվանդ Ենգիբարյանի դին:

Նշենք, որ նա Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր: