Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին Ավետարանոց գյուղում մասնակցել է Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է. «Մեր պարտքն է միշտ հիշել մեր մարտիրոսների սխրանքն ու հերոսությունը, անել հնարավորը, որպեսզի իրականացնենք նրանց իղձերն ու ցանկությունները, որոնց թվում ամենանվիրականը ազատ, անկախ պետությունն է եւ նրա շարունակական զորացումը»:

Նախագահ Սահակյանի խոսքով` այս հուշահամալիրը պետք է դառնա ուխտատեղի՝ անցյալը հիշելու, մեր հերոսներով հպարտանալու եւ, այսպիսով, ապագայի հանդեպ լավատեսությամբ ու հույսով լցվելու համար:

Այնուհետեւ երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել գյուղի մի խումբ ազատամարտիկների:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: