Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Կոտայքի մարզի Վերին Պտղնի եւ Ակունք համայնքներում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին նոր ամբուլատորիաներ են բացվել: Այսուհետեւ Ակունք եւ Վերին Պտղնի եւ Ներքին Պտղնի համայնքների ավելի քան 4700 բնակիչներն առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան նորակառույց կենտրոններում։

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենտրոնների բացման հանդիսությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը եւ պաշտոնատար այլ անձինք։

«Առաջիկայում հանրապետությունում սկրինինգային մեծ ծրագիր ենք սկսելու, որի շրջանակներում մեր ամբուլատորիաները լրացուցիչ սարքավորումներ կստանան, կընդլայնվեն հետազոտությունների ծավալները»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ ամբուլատորիաները թե՛  արտաքին հարդարմամբ, թե՛ ներքին հագեցվածությամբ ապահովում են որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտ բոլոր պայմանները:

Դերենիկ Դումանյանը նաեւ շեշտել է, որ հաջորդ տարի զգալիորեն կբարձրանան առողջության առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը:

«Մինչեւ տարեվերջ Կոտայքի մարզում նորակառույց եւս մեկ ամբուլատորիա կբացվի։ Այս ծրագրով 2013թ.-ին հանրապետությունում արդեն շահագործման է հանձնել 13 նորակառույց պոլիկլինիկա։ Եվս վեցի շինարարությունը կսկսենք խնայված միջոցների հաշվին»,-ասել է նախարարը` նշելով, որ մեծ թափով ընթանում են նաեւ Աբովյանի, Ալավերդիի, Բերդի, Կապանի բժշկական կենտրոնների վերակառուցման եւ արդիականացման, Մեղրիի ԲԿ-ի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները։  Մինչեւ տարեվերջ կսկսվեն նաեւ Վանաձորի հիվանդանոցի նոր շենքի, Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ու  Ճամբարակի ԲԿ-ի հիմնանորոգման աշխատանքները։

Վերին Պտղնիի  ԱԱՊԿ-ը, որ սպասարկում է նաեւ Ներքին Պտղնի  համայնքի բնակիչներին, նախկինում տեղակայված էր  վթարային շենքում` զբաղեցնելով մոտ 50 քառ. մետր տարածք եւ գտնվում էր անմխիթար վիճակում, չուներ ջրամատակարարման, ջեռուցման եւ կոյուղու համակարգեր: Իսկ Ակունքում բուժօգնության ծառայությունները մատուցվել են մշակույթի տան  առաջին հարկի մեկ սենյակում  (35 քառակուսի մետր):

Երկու ամբուլատորիայի շինարարական աշխատանքներն էլ սկսվել էին 2012 թվականի դեկտեմբերին։

Վերին Պտղնի համայնքում ներդրվել է շուրջ 48.5 մլն դրամ, որից  շուրջ 46 մլնը` շինարարություն (նախահաշվային արժեքը` 62,1 մլն դրամ) եւ շուրջ 2.5 մլնը` բժշկական սարքավորումներ ու պարագաներ, բժշկական կահույք:

Ակունք համայնքում ներդրվել է շուրջ 54.5 մլն դրամ, որից  շուրջ 52 մլնը` շինարարություն (նախահաշվային արժեքը` 60,5 մլն դրամ) եւ  շուրջ 2.5մլնը` բժշկական  սարքավորումներ ու պարագաներ, բժշկական կահույք:

Ծրագրի շրջանակում ամբուլատորիաների բժիշկները եւ բուժքույրերը մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ եւ բուժքույր:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում 2» վարկային ծրագրի շրջանակում Կոտայքի մարզում նաեւ վերանորոգվել են Մեղրաձորի ամբուլատորիան, Նոր Գեղիի, Արամուսի, Քասախի, Զովունիի, Քանաքեռավանի եւ Մրգաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնները,  կառուցվել է Բուժականի  ամբուլատորիան:

Ընդհանուր առմամբ,  երկրորդ վարկային ծրագրի երկրորդ փուլում  Կոտայքի մարզում կատարվել է ավելի քան 204 մլն  դրամի  (շուրջ 567.3 հազ. ԱՄՆ դոլարի) չափով ներդրում:

Արդյունքում ՀԲ կողմից աջակցվող առողջապահական ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզում   վերանորոգվել կամ կառուցվել է 23  ամբուլատորիա։  Դեռեւս ենթակառուցվածքների բարելավման եւ նորոգման կարիք ունի գյուղական  5 ամբուլատորիա: