Տավուշի մարզի Բերդ-Իջեւան ճանապարհը դեռեւս փակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ճանապարհը փակ է, քանի որ շարունակվում են անվտանգության երաշխիքների վերականգնման եւ միջադեպի հանգամանքները պարզելու աշխատանքները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզում, Բերդ-Իջեւան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել էին ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետեւանքով զոհվել էր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) եւ Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):