Արամ Խաչատրյան համերգասրահում, հոկտեմբերի 29-ի, «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը կներկայացնի Վերադարձի դասական երաժշտության 7-րդ փառատոնը: Այն հնարավորություն կընձեռի մայրաքաղաքի հանդիսատեսին հանդիպելու արտերկրում ապրող եւ ստեղծագործող տաղանդաշատ մեր հայրենակիցներին, առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ:
Համերգային ծրագիրը, որը նվիրված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, ականավոր երաժիշտ Զարեհ Սահակյանցի 80-ամյակին, կներկայացնեն տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը (ջութակ, Ֆրանսիա), Տոմոկո Ակասական (ալտ, ճապոնիա), Միքայել Հախնազարյանը (թավջութակ, Գերմանիա), Մերի Մովսիսյանը (սոպրանո), ինչպես նաեւ Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Ծրագրում ընդգրկված են Զ.Սահակյանցի փոխադրումները՝ Ձայնի եւ կամերային նվագախմբի համար, Վ.Ա. Մոցարտի, Տ.Վիտալիի, Մ.Ռավելի, Է.Բլոխի, Կ.Ատտերբերգի ստեղծագործությունները:
Փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով եւ կեզրափակի իր աշխատանքը նոյեմբերի 20-ին:





























