Երեւանում միկրոավտոբուսներով երթեւեկության սակագնի հաշվարկը դեռեւս 2008-ին կազմել է 212 դրամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսում նշել է «Արշակյան» տրանսպորտային ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը: Ավտոբուսների համար այդ հաշվարկը կազմել է մոտ 170 դրամ: Այս հաշվարկները, տարնսպորտային կազմակերպությունների պատվերով, կատարել է «Լիսամ» քոնսալթինգային ընկերությունը: Հաշվարկը ներառել է մաշվածությունն ու խելամիտ շահույթը:

Այլ հաշվարկով, որն այդ ժամանակ ներկայացրել էր կառավարությունը, ուղեվարձի ինքնարժեքը կազմել է 138,8 դրամ: «Այսինքն ցանկացած դեպքում՝, դեռեւս 5 տարի առաջ 100 դրամի սահմաններում տեղավորվելն անհնար էր: Իսկ մեզ այս տարիներին խոստանում են, որ ամեն ինչ լավ կլինի, միայն մի քիչ համբերեք: Դիզելային վառելիքը կրկնակի թանկ է քան այն ժամանակ, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում»,-հայտարարել է Արշակյանը:

Հայաստանի ուղեւորափոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն էլ նշել է, որ Երեւանում ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող 62 ընկերություններից ուղեվարձի սակագնի փոփոխության խնդրանքով հանդես են եկել 57-ը:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը հանձնաժողով է ստեղծել, որը քննարկում է Երեւանում քաղաքային տրանսպորտի ուղերավարձի բարձրացման հարցը: Ներկայումս այն 100 դրամ է: