Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը միանում է ազատամարտիկների արդար պահանջներին՝ ներառյալ պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: 

Նա ընդգծեց, որ ինքը երբեք չի մտել հարուցված քրեական գործի մանրամասների մեջ, քանի որ դա ուսումնասիրությունը, հետաքննությունը եւ դատաքննությունը ցույց կտա: «Բայց այս դեպքում խափանման միջոցի  ընտրությամբ իշխանությունը հերթական անգամ  ավելի քան վիրավորական ձեւով ապացուցում է, որ քաղաքական հիմքերով են ազատազրկումն ընտրում որպես խափանման միջոց: Ազատազրկելու որեւէ առիթ  չկար, ոչ այն տղաների դեպքում, որոնք Քեմբրիջի համալսարանն էին ավարտել, ոչ էլ այս դեպքում: Խափանման միջոցը անհամաչափ է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am