Սա զուտ օրենքի տառին համապատասխանող իրավական ձեւակերպում տալու անհրաժեշտությունից բխող հավաք է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ վերականգնման հիմնադիր համագումարի ժամանակ ասաց վերածնող խմբի անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը։
Նա իր ելույթն սկսեց հեղափոխական կոչից, «Ժառանգության» ոգով՝ «Բարեւ Հայաստան»։ Այնուհետեւ տեղեկացրեց, որ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով համագումարից բացակայում է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ինչպես նաեւ ՀՅԴ-ն, ում հետ համագործակցում են ԱԺ-ում, այսօր ղեկավար կազմով բացակայում է Երեւանից։
Ալեքսանդր Արզումանյանը շեշտեց, որ իրենց համագումարին միայն համախոհներին են հրավիրել, նրանց մասնակցությունը մեր առօրյայում անհրաժեշտ է։ «Մենք չենք կարող հրաժարվել մեր կենսագրությունից, բաց ճակատով ենք փորձում այսօր հանդես գալ հասարակության առջեւ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադարձ կատարելով անցած տարիներին, ՀՀՇ գործունեությանը: Անդրադառնալով վերջին տարիներին ՀՀՇ-ում տեղի ունեցած գործընթացներին, նա ասաց, որ ոչ ժողովրդավարական ինչ-ինչ նկրտումներ, դեպքեր եղան, ստալինյան ռեժիմից հետո առաջին անգամ «վնասարարություն» բառը կիրառվեց, մի խումբ մարդկանց պիտակավորեցին որպես «վնասարարներ» եւ արտակուսակցական գործունեության արդյունքում ՀՀՇ-ականների մի մասը դուրս մնաց վարչությունից, տեղի ունեցավ շարժման բյուրոկրատիզացիա: «Ենթադրում էին, թե կարելի է կաբինետում նստել եւ քսանամյա պայքարի ճանապարհ անցած կուսակցությանը բացատրել, թե ինչպես պետք է ծավալեն գործունեությունը», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա փոխանցմամբ՝ ՀՀՇ-ի ղեկավարությունը ընտրեց այլ կուսակցության վերածելու պարտավորությունը, «քավ լիցի իրենց իրավունքն է»։ Արզումանյանն ասաց, որ տեղի ունեցավ ամենաանսպասելին, շարժման հետ քիչ առնչություն ունեցող անձինք լուծարում են ՀՀՇ-ն եւ կոչ են անում վերցնել ՀԱԿ-ի մանդատները, «սա վիրավորական է բոլոր մարդկանց համար, ովքեր 1988թ եղել են շարժման մեջ, մենք չենք կարող հրաժարվել մեր անցյալից: Կեցցե ՀՀՇ-ն, որը որեւէ մեկը փակել չի կարող»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























