Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ դահլիճում սկսվել է Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության համագումարը, որին կհաջորդի միության նախագահի ընտրությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել էր NEWS.am-ը, Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունում վաղուց խռովություն է հասունանում: Կոմպոզիտորների մի մասը համարում է, որ գործող նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը լեգիտիմ չէ, քանի որ 2011թ. նախատեսված հերթական համագումար չի նշանակել եւ նոր նախագահի ընտրություն չի անցկացրել։
Ավելին, այսօր նա հայտարարել է, որ ընտրությունները կամ վաղը կլինեն, կամ հայտնի չէ՝ երբ, եւ չի պատճառաբանել, թե ինչու։
Մի խումբ երիտասարդ կոմպոզիտորներ՝ Հայաստանից եւ սփյուռքից, վիրավորված են Ռոբերտ Ամիրխանյանի վերջին հեռուստահարզազրույցում իրենց հասցեին հնչեցրած վիրավորական խոսքերից, եւ այդ կապակցությամբ բաց նամակ են ուղղել Կոմպոզիտորների միության համագումարի մասնակիցներին, որում ասվում է.
«Վերջին տարիներին վարվող երաժշտական հետամնաց քաղաքականության արդյունքում մի շարք երիտասարդ կոմպոզիտորներ անիմաստ են համարում անդամագրվել ՀԿԵՄ-ին, քանզի այն զրկված է ժամանակակից հայացքներից, կրեատիվ նախաձեռնություններից եւ չունի գործող իրավաբանական համակարգ»։
Նրանց համոզումն է, որ ներկայիս միության գործելակերպը խիստ անհեռանկարային է նոր զարգացումների ասպարեզում, ինչն անմիջականորեն կապված է ներկայիս ղեկավարության հետ։ «Հաշվի առնելով այս եւ այլ հանգամանքներ, գտնում ենք, որ անհապաղ պետք է տեղի ունենա ներկայիս նախագահի փոփոխություն, հակառակ դեպքում սերնդափոխության հարցը կշարունակի մնալ արդիական, ինչով ՀԿԵՄ-ի գործունեությունն ապագայում վերջնականապես կիմաստազրկվի»։
Հայտարարության տակ սփյուռքի կոմպոզիտորներից ստորագրել են Արամ Հովհաննիսյանը Ժնեւից, Վահրամ Սարգսյանր Մոնրեալից, Հովիկ Սարդարյանը Երեւանից, Դավիթ Սաթյանը Լոնդոնից, Անդրանիկ Ֆատալյանը Քյոլնից։





























