«Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից եւ անդամագրվել վերածնվող ՀՀՇ-ին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ վերականգնման հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Ռուբեն Հակոբյանը։
Նա շեշտեց, որ այս պահին կուսակցությունից դուրս գալու մասին չի մտածում, իսկ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասով կրկնեց իր «համապարփակ» մեկնաբանությունը՝ «առանց մեկնաբանության»։
Հարցին, թե Աստված երրորդություն է սիրում, գուցե հնարավոր է, որ ՀՅԴ-ից, «Ժառանգությունից» հետո միանաք ՀՀՇ-ի՞ն, նա այսպես պատասխանեց. «Եկեք Աստծո երրորդությունը չխառնենք քաղաքականության երրորդության հետ: Մի բան կարող եմ ասել, 20 տարուց ավելի է՝ քաղաքականության մեջ եմ եղել, եւ այն սկզբունքները, որոնք ունեցել եմ, որեւէ մեկը չի կարող ասել, որ դրանցից փոքր-ինչ հեռացել եմ»։
Նա ողջունում է ՀՀՇ-ն վերականգնելու նախաձեռնությունը, եւ որեւէ մտավախություն չունի, որ այս համագումարին իր ներկայությունը կազդի իր եւ ՀԱԿ անդամների հարաբերությունների վրա։ Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ միշտ կողմ է նոր կուսակցությունների ստեղծմանը, դա մրցակցության դաշտ է ձեւավորում։ Միշտ էլ կարող են կուսակցություններ ստեղծվել քաղաքական դաշտում այն պայմաններում, եթե նրանք ունեն համակիրների բանակ եւ գաղափարախոսություններով կարող են շահել եւ տեղ ունենալ այդ քաղաքական դաշտում, ուրեմն պետք է լինեն»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























