Թուրք պլաստիկ միկրովիրաբույժ Էմրե Հոքաօղլուն (Emre Hokaoglu) առաջին անգամ Երեւան էր այցելել` Պլաստիկ վիրաբույժների միջազգային կոնգրեսին մասնակցելու համար: Սկզբում նա նույնիսկ վախեցել է Հայաստան գալ: Սակայն երբ շփվել է կոնգրեսի կազմակերպիչների հետ, նրա կասկածները փարատվել են: Այս մասին Կոնգրեսի աշխատանքի ավարտից հետո NEWS.am-ի թղթակցին պատմել է բժիշկը:
«Հայաստանն ու Թուրքիան շատ նման են. մարդիկ, մշակույթը, ուտելիքը… Մենք սոսկ հարեւաններ չենք, մենք նույնն ենք, սակայն քաղաքական իրավիճակն անհանգստացնող է», - նշել է նա:
Հոքաօղլուն զբաղվում է վերականգնողական վիրաբուժությամբ: Ըստ նրա` Կոնգրեսը շատ օգտակար էր իր համար. հետաքրքիր զեկույցներ է լսել պլաստիկ վիրաբուժության մեջ ցողունաբջիջներ կիրառելու մասին, ԱՄՆ-ից ժամանած շատ կարեւոր մարդկանց է հանդիպել, կարեւոր տեղեկատվություն քաղել:
Հիշեցնենք, որ Պլաստիկ վիրաբույժների միջազգային չորրորդ կոնգրեսը տեղի է ունեցել Երեւանում` հոկտեմբերի 24-26-ին: Կոնգրեսը համախմբել էր աշխարհի հայտնի վիրաբույժներին` Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Հարավային Կորեայից, Թուրքիայից եւ այլ երկրներից:





























