ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ) դադարեցրել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ աշխարհի այլ առաջնորդների հեռախոսների գաղտնալսումը` 2013թ. ամռանը Սպիտակ տան ներքին ստուգումից հետո:
Ըստ Wall Street Journal-ի աղբյուրի տեղեկության` ԱԱԳ-ն հինգ տարուց ավելի հետեւել է աշխարհի 35 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, քանի դեռ դա չի հայտնաբերել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը: Գաղտնալսման ծրագրերի մեծ մասն անմիջապես դադարեցվել էին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրը Wall Street Journal-ին հայտնել էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունները միաժամանակ այնքան շատ հետախուզական գործողություններ են իրականացնում, որ յուրաքանչյուրի մասին ԱՄՆ-ի նախագահին զեկուցելն անհնար է: Ըստ նրա` հատուկ ծառայությունները առաջնորդվում են Օբամայի հաստատած «առաջնահերթություններով», սակայն հետախուզության կոնկրետ օբյեկտների վերաբերյալ վճիռներն ինքնուրույն են կայացնում:
Հիշեցնենք, ավելի վաղ գերմանական Spiegel ամսագիրը հայտնել էր, թե հեռախոսազրոյցի ժամանակ Օբաման Մերկելին վստահեցրել էր, որ ոչինչ չի իմացել նրա հեռախոսը գաղտնալսելու մասին: Bild am Sonntag թերթն էլ, վկայակոչելով հատուկ ծառայությունների աղբյուրները, գրել էր, որ ԱԱԳ-ի ղեկավար Քեյթ Ալեքսանդրը դեռ 2010թ. անձամբ է զեկուցել ԱՄՆ-ի նախագահին այդ գաղտնի գործողության մասին: ԱԱԳ-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հերքել են այդ տեղեկությունը:





























