Մախաչկալայի նախկին քաղաքապետ Սայիդ Ամիրովին պաշտոնական մեղադրանք են առաջադրել ահաբեկչության նախապատրաստման եւ զենքի ապօրինի շրջանառության համար:

Ամիրովը մեղադրվում է «ահաբեկչության նախապատրաստում եւ «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով, հայտնում է  «Կոմերսանտը»:

Նրա հետ այդ գործով մեղադրյալներ են նրա զարմիկը` Կասպիյսկի քաղաքապետի տեղակալ Յուսուֆ Ջափարովը, եւ Խասավյուրտի դատախազի նախկին օգնական Մուհամեդ Աբդուլխալիմովը:

Ըստ քննության` մեղադրյալները մտադիր են եղել ազատվել Ամիրովի քաղաքական մրցակից  Դաղստանի Ազգային ժողով պատգամավոր, Կենսաթոշակային հիմնադրամի կառավարիչ Սագիդ Մուրթազալիեւից: Նրանք «Ստրելա-2» զենիթահրթիռային համալիր էին ձեռք բերել, որի օգնությամբ ցանկացել էին ոչնչացնել Մուրթազալիեւի օդանավը, իսկ հետո դա ներկայացնել որպես ահաբեկչություն:

Հիշեցնենք, որ Մախաչկալայի քաղաքապետ Սայիդ Ամիրովը ձերբակալվել էր հունիսի 1-ին: Դրանից հետո նա Մոսկվա էր տեղափոխվել, որտեղ դատարանը վճռել էր կալանել նրան: 

Ամիրովը, Ջափարովը եւ Աբդուլխալիմովը նաեւ մեղադրվում են քննիչի սպանության համար` այլ քրեական գործով: Ըստ իրավապահ մարմինների վարկածի` Ամիրովը քննիչ Արսեն Հաջիբեկովի սպանության պատվիրատուն է, որը կատարվել էր 2011թ. դեկտեմբերին: