Տնտեսական աճի տեմպը 2013 թ. ընթացքում դանդաղել է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀ Ազգային Ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ելույթ ունենալով 2014 թ. բյուջեին նվիրված նախնական քննարկումների ժամանակ:

Ըստ Տ. Սարգսյանի՝ աճի դանդաղման հիմնական պատճառները բաժանվում են 2 խմբի՝ արտաքին եւ ներքին: Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում գործընթացները էական ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա, իսկ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել են մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները գլոբալ առումով:

Ներքին գործոններից Տ. Սարգսյանն առանձնացրեց բիզնես միջավայրի դանդաղ բարելավումը, որոշ առումով՝ նաեւ նահանջը: Մասնավոր ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը վերջին 5 տարում նվազել են: Թեեւ doing business-ում 48-րդն են, սակայն, ըստ Տ. Սարգայանի, կարող ենք լինել առաջին քսանյակում; Բացի այդ՝ մի շարք ցուցանիշների գծով 100-րդ տեղից ցածր ենք: Դա վերաբերում է վարչարարությանը, առեւտրի պայմաններին, հարկային բեռին, պայմանագրերի կատարմանը: Բյուրոկրատիայի բարձր աստիճա կա շինթույլտվությունների ոլորտում: 

Տ. Սարգսյանն ասաց նաեւ, որ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոոկոսադրույքի կես տոկոսային կետով բարձրացումը (ներկայում այն 8,5% է) զսպողական ազդեցություն է թողել տնտեսական միջավայրի վրա: