Հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձեւ)» նախնական ախտորոշումով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:
Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:
Հիվանդության տեղայնացման եւ հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել եւ շարունակվում են իրականացվել կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ՝ կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել, որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը, կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:
Աշխատանքները շարունակվում են։





























