Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության արդեն նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ամենեւեին էլ չի տխրել ընտրություններում պարտվելու կապակցությամբ:

«Բանն այն չէ՝ ես եմ կառավարելու, թե՝ ուրիշը, տխրում եմ, որ այդ երեւույթը մեզանում կամաց-կամաց անցնում է նյութականացված մարդկանց ձեռքը, այ դա շատ տխուր բան է: Ես օգնել եմ, որ միությունը մնա եւ փոխանցել եմ ուրիշին, որ ուրիշը հիմա կարողանա ինչ-որ բան անել: Ես տխրում եմ, որ միությունը այսօր ապրում է իր դժվարին օրերը, իսկ ընդհանուր առմամբ՝ ես շատ ուրախ եմ, որ ավելի շատ ժամանակ կունենամ իմ ստեղծագործություններով զբաղվելու»,- ասաց Ռոբերտ Ամիրխանյանը: Նա ասաց, որ շատ ստեղծագործություններ ունի, որ կարիք ունեն բեմ բարձրացնելու, արդեն վերջացրել է երկրաշարժի 25-ամյակի կապակցությամբ Մոսկովյան կատարողական ուժերի մի նոր ստեղծագործությունը, որը կգնա Մոսկվա ձայնագրելու եւ դեկտեմբերի 8-ին կներկայացնի:

Նա չի ցանկանում անդրադառնալ ընտրությունների ընթացքին, «անցած պատմություն է, բայց առկա էր արտաքին ուժերի ներկայությունը, դեպք եղավ, հայտնի դարձավ, որ 400 հազար դրամ է ստացել մեր կոմպոզիտորներից մեկն իր ձայնը կաշառելու համար»: Ռոբերտ Ամիրխանյանը շեշտեց, որ իսկական հայկական ընտրությունն է եղել, իսկ թե ինչու են ձայներն այդքան թանկ արժեցել, նա մեկնաբանեց, որ մեջտեղում կա Դիլիջանի տունը, որը ընկնում է դրսի շրջանակների՝ ուրիշ մարդկանց ձեռքը: Կոմպոզիտորների միության նախկին նախագահը նշեց, որ կաշառքի գործոնը մեծ դեր է ունեցել ընտրությունների արդյունքների վրա:

Նա հաղթել բառը չի ընդունում՝ շեշտելով, որ միության ղեկավարության պայքարի մեջ հաղթողը կամ պարտվողը միայն միությունը կարող է լինել: «Ես ուրիշի դեմ պայքար չունեմ, իմ պայքարը միայն գաղափարի համար էր, առանց կոկետության, ես կուզենամ, որ երաժշտության դաշտը կուլ չգնա նյութապաշտ մարդկանց եւ ցածր կուլտուրայի շնչով ապրող մարդկանց ձեռքը»,- նշեց կոմպիզոտորը:

Ռոբերտ Ամիրխանյանը նշեց նաեւ, որ շնորհավորել է հաղթող թեկնածուին՝ Արամ Սաթյանին. «Ասացի շնորհավորում եմ, բայց չեմ նախանձում եւ ասացի, որ պատրաստ եմ օգնել քեզ, որպեսզի միությունը կուլ չգնա նոր իրողություններին»: Նա շեշտեց, որ Արամ Սաթյանի նախընտրական ծրագրերի մեջ չի լսել այն սկզբունքային կետերը, որոնք բեկումնային են լինելու որոշակի գործունության մեջ, այսինքն՝ այն, ինչի մասին խոսվում էր, թե Կոմպոզիտորների միությունը վաղուց դադարել է, հարկավոր է նոր միություն.«Ես չտեսա, թե ինչով պետք է նա շարունակի մի ծրագիր, որի մեջ առաջնայինը սոցիալական խնդիրն է դրված, ինչպես կարող է նա աշխատել այդ պայմաններում, առաջարկողը մոռանում է, որ Կոմպոզիտորների միությունը սոցիալական կառույց չէ, դա մշակութային կառույց է, եւ չի կարող առաջնայինը լինել սոցիալականը, մանավանդ, եթե դու չունես ինքնուրույն սոցիալական սիստեմ ապահովելու որեւէ լծակ»,- նշեց միության նախկին նախագահը:

Նա վստահեցրեց, որ նեղացվածություն չկա գործընկերներից, կյանքը համարում է նորից նույն ճանապարհը անցնելու շանսը: Ռոբերտ Ամիրխանյանը մտահոգություն հայտնեց, որ միության որոշ անդամներ դրսի ուժերի ազդեցության ներքո որոշակի ծրագիր էին որդեգրել՝ Կոմպոզիտորների միությունում բեկում մտցնելու համար, եւ այդ ծրագիրը իրենք իրագործեցին ոչ պարկեշտ ձեւով՝ մարդուն սեւացնելով, նրան պատվազուրկ անելու եւ ամեն ձեւով բզկտված, քրքրված դարձնելու, որի անվան տակ նույնիսկ չխուսափեցին թունավորել երիտասարդ, դեռեւս նորելուկ երաժիշտներին, որոնք դեռեւս կոմպիզիտոր կոչվելու իրավունք չունեն, ուսանողներ են, հավակնոտ հայտարարություններ են անում այն ժամանակ, երբ նրանց խնդիրը կոմպոզիտոր դառնալն է: Դրսի ուժեր ասելով նա մեկնաբանեց, որ նկատի ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Ի՞նչ է նշանակում կոմպոզիտորները մեկը մյուս հետ համագումարի ժամանակ խոսեն փաստաբանի միջոցով, իրենց այդ վստահված անձը լինի փաստաբան, այն էլ մի մարդ, որին եւ ինտերնետից են ճանաչում, եւ կեղծիքների, եւ հեռացված է եղել իր տարբեր տեղերի աշխատանքներից, մի փաստաբան, որը երաժիշտ է եւ կիսափաստաբան, դա մարսելը այդքան հեշտ բան չէ: Ես նկատեցի, որ այդտեղ որոշակի ուժեր են աշխատում:  Առաջին անգամ կոմպոզիտորների միությունում ընտրապրոցեսի վերեւում կանգնած է փաստաբան, որը իմ վրա բղավում էր, թե դու խանգարում ես ընտրություններին»,-ասաց նա:

Ռոբերտ Ամիրխանյանը շեշտում է, որ երբեւէ հակասություն, խնդիր չի ունեցել ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի հետ, եւ նրանց նեգատիվիզմը իր հանդեպ պայմանավորվում է «Դիլիջանի» տան հանդեպ ունեցած հետաքրքրություններով: