Ադրբեջանական լրատվամիջոցները, սպառելով  ապատեղեկատվության բոլոր հնարավոր տարբերակները, անցել են սեփական լրատվության «արտադրության»:

Այս ժանրի գլուխգործոցներից մեկը ԱՊԱ գործակալության «հաղորդագրությունն» էր Խորվաթիայից սպառազինություններից դուրս հանված ինքնագնաց հրետանային М-36 «Jackson» կործանիչ հրասայլերի դասի մեքենաներ գնելու՝ հայկական կողմի մտադրության մասին: Բնականաբար, գործակալությունը վկայակոչում է «սեփական ռազմական աղբյուրներին»:

Պարբերականի վարկածի համաձայն՝ «Հայաստանը Խորվաթիայի կառավարությանը խնդրել է իրեն նվիրել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակների М-36 «Jackson» կործանիչ հրասայլեր, որոնք դուրս են հանված երկրի սպառազինություններից»: «Հայտնի չէ, թե հայկական կողմն ինչ նպատակով է կիրառելու սպառազինությունները: Այս առթիվ որոշումը պետք է կայացնի Խորվաթիայի կառավարությունը»,- նշում է աղբյուրը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունը այս առթիվ ավելին քան կարճ էր: «Դա անհեթեթություն է»,- հայտարարել է մամուլի քարտուղարը՝ զերծ մնալով հետագա մեկնաբանություններից: