Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Հրաչյա Սարգսյանին դեռ չեն վիրահատել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Սարգսյանի հայրը` Վաղինակ Սարգսյանը:

Նրա գլխի մեջ պետք է մետաղ տեղադրվի, առաջիկայում վիրահատությունը կարվի, ընտանիքը սպասում է, թե Զինվորական հոսպիտալից երբ կկանչեն: Վաղինակ Սարգսյանը նշեց, որ վիրահատության ծախսերը հավանաբար կհոգա Պաշտպանության նախարարությունը:

Իսկ Հրաչյա Սարգսյանը ամբողջ օրը գտնվում է տանը, հոր խոսքով՝ «ինտերնետում է» Առանց որեւէ մեկի օգնության չի կարողանում տնից դուրս գալ, տանը կարողանում է  քայլել:  Ձախ ձեռքը շատ քիչ է շարժում, հազիվ  արմունկն է ծալում, իսկ ոտքը 40 տոկոսով օգտագործում է, բժիշկները հույս են հայտնել, որ շարժողական ֆունկցիան կվերականգնվի:

Հրաչյա Սարգսյանը այդպես էլ դեպքի օրը չհիշեց, այդ օրը կարծես ջնջվել է նրա հիշողությունից,փոխարենը լավ խոսքերով է հիշում իր հետ ծառայած զինվորներին՝ այդ թվում կալանավորված Դավիթին եւ մահացած Լյուքսին:

Անդրադառնալով գործի քննությանը՝ Վաղինակ Սարգսյանն ասաց, որ քննիչները պարտաճանաչ տեղեկացնում էին ամեն ինչի մասին: Նա նշեց, որ ինքը չի կարող գնահատական տալ քննության ընթացքին, քանի որ «մարդիկ իրենց գործը արել են, ես իրավաբան չեմ, փաստաբան  էլ չեմ վարձել, որպեսզի նրանք մասնագիտորեն ամեն ինչին գնահատեն»: Նախաքննության արդյունքներից ելնելով՝ հայրը շեշտում է, որ մի բան պարզ է, զինծառայողների միջեւ եղել է զրույց, հայհոյանք, որը նման ողբերգական ավարտ է ունեցել:

«Հրաչյան ընդհանրապես այդ զրույցին չի էլ մասնակցել, պատահական է կպել Հրաչյային: Իմ կարծիքով՝ այս կրակոցը ընդհանրապես պատահականություն է եղել: Ես այդ մարդու հանդեպ ոչ մի բան չունեմ, դեպքերի բերումով ինքն էլ է զոհ, վերջապես այդ մարդու կյանքը, ճակատագիրն է է խորտակվել՝ անկախ նրանից տուժեց, թե չտուժեց»,- ասաց Հրաչյա հայրը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ. Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունն ավարտման փուլում է: