Յուրի Վարդանյանի ավագ որդին՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանը հայերեն գրել-կարդալ չգիտի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանի որդու փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանը:
«Նա բարձրագույն կրթություն ունի, բայց հայերեն լավ չգիտի, կցկտուր է խոսում: Գրավոր լեզվին եւս չի տիրապետում` չի կարողանում կարդալ, գրել: Կարողանում է նկարելով կամ կցկտուր բացատրել»,- նշեց փաստաբանը: Հարցին, թե այդ հանգամանքը գործին խանգարում է, թե ոչ, նա ասաց. «Դե ինչ պետք է խանգարի: Խանգարելու բան չկա: Դեռեւս թարգմանչի անհրաժեշտություն էլ չի առաջացել: Ամեն ինչ նորմալ ընթանում է»: Սակայն չցանկացավ նշել, թե Դավիթը այս պահին կոնկրետ որտեղ է: «Նա քրեակատարողական հիմնարկներից մեկում է: Հիմա մի 4 հատ քրեակատարողական հիմնարկ ունենք, ինչ կարեւոր է, թե որ հիմնարկում է: Ցանկացած ընտանիքում էլ կարող է նման փորձանք լինել: Կարող էր նաեւ իմ տղան էլ վատ բան անել, բայց դա հո չի նշանակում, որ ես եմ վատ բան արել: Պետք չէ մոռանալ նաեւ, որ Յուրի Վարադանյանը մեր ազգի պարծանքն է եղել»,- ավելացրեց փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդու՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանի սահմանակետով թմրանյութ անցկացնելու դեպքի առթիվ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ 2013թ հոկտեմբերի 13-ին ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով:) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) հատկանիշներով ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հոկտեմբերի 16-ին քրեական գործը ընդունվել է վարույթ քննչական գլխավոր վարչության ՀԿԳ գլխավոր վարչությունում: Նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am-ը հայտնել էր նաեւ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝ 29-ամյա Դավիթ Վարդանյանին, 7-8 օր առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին: Սահմանակետով թմրանյութ անցկացնելիս նրան ձերբակալել էին, ապա՝ կալանավորել եւ ուղարկել Երեւան՝ քննչական մեկուսարան:



























