«Հրապարակը» գրում է, թե նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք Արարատի քաղաքապետի ընտրությունները խոստանում են ամենաթեժը լինել: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց համոզել Գագիկ Ծառուկյանին, որ հանեն իրենց թեկնածուին: Որոշ տեղեկություններով` Արգամիչը «տակից» ուզում է, որ Արարատում հաղթի ԲՀԿ թեկնածուն, որ նորանշանակ մարզպետը շատ չուժեղանա, ինքը մարզում պահի իր դերակատարությունը: Արգամիչի եղբոր որդին մարզի ոստիկանապետն է, եղբայր Ջոնիկի խնամին` Վարդան Մամիկոնյանը, հարկային ծառայության պետը: Հովիկ Աբրահամյանը եւ մարզպետը երկրի առաջին դեմքից հրահանգ են ստացել` անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ թեկնածուն հաղթի: Ընտրություններին ուշի-ուշով հետեւող Վովա Գասպարյանն օրումեջ «պաչտավոյ գոլուբներ» է ուղարկում` իրավիճակն «զգալու» համար: Պայքարն այնքան անզիջում է դարձել, որ օրերս ցեմենտի գործարանից մոտ մեկ դյուժին մարդ ազատվել է աշխատանքից` ՀՀԿ-ին «հարելու մեղադրանքով»: Ինչո՞ւ են նրանց ազատել գործից՝ հարցրինք ԲՀԿ մամլո քարտուղար Իվետա Տոնոյանին: «Նման բան չկա»,- ժխտեց նա, սակայն ՀՀԿ գլխավոր գրասենյակից պնդեցին, որ եղել է: Իր հերթին Արամայիս Գրիգորյանն է մարզպետարանի վարչության պետերին կանչել-զգուշացրել, որ եթե այս ընտրություններին իրենց չարդարացրին, «լավ չի լինելու»: Ի դեպ, Արարատի ընտրությունների եւ ՀԱՕԿ-ի հայտարարությունների այս «թեժ օրերին» Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ. նախորդ օրը մեկնել է Դուբայ եւ կվերադառնա նոյեմբերի 3-ին: