Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի  կողմից հրապարակվող ամենամյա Doing Business 2014 զեկույցում Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ տեղը՝ նախորդ տարվա 40-րդ տեղի համեմատ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: Սակայն տիկ. Մինասյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2013 թ. զեկույցում Հայաստանը 32-րդ տեղում էր, սակայն տարվա վերագնահատումների արդյունքում ետ է շարժվել դեպի 40-րդ տեղ:

Վարկանիշը հաշվարկվում է 10 ցուցիչների հիման վրա։ Դրանցից 6-ի մասով Հայաստանը ետընթաց է արձանագրել, 3-ով՝ առաջընթաց, մեկ ցուցիչ մնացել է անփոփոխ։

Առաջընթաց արձանագրվել է հետեւյալ ցուցիչներով: «Հարկերի վճարում» ցուցիչով առաջընթացը 9 կետ է, սակայն դեռեւս շատ ետ ենք եւ զբաղեցնում ենք 103-րդ տեղը: Այս ցուցիչի առաջընթացը պայմանավորված է հարկային հաշվետվությունների կրճատմամբ: «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչով դիրքը բարելավվել է 5 կետով (112-րդ տեղ): «Ընկերությունների գրանցում» ենթացուցիչով արձանագրվել է բարելավվում 4 կետով (6-րդ տեղը)։ Այս ցուցիչի բարելավման պատճառը ձեռնարկությունների գրանցման վճարի (16 հազ դրամ) վճարի վերացումն է:

«Շինարարության թույլտվություններ» ենթացուցիչով Հայաստանը հետընթաց է արձանագրել 8 կետով՝ զբաղեցնելով 79-րդ տեղը: Ըստ Վարկանիշի՝ 7 օրով երկարել է թույլտվությունների ստացման ժամկետը: «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» ցուցիչով ետընթացը կազմել է 2 կետ(109- րդ տեղ)։ Սա, ըստ Կ. Մինասյանի, էլեկտրաէներգիայի միացման ժամկետներում առկա տարաձայնություններն են՝ ըստ doing business-ի թիմի դա 242 օր է, այնինչ մեր իրավական նորմերով 135 օր է:

«Վարկերի ստացում» ցուցիչով ետընթաց կա 2 կետով (42-րդ տեղը): Սա պայմանավորված է վարկային պայմանագրերի կնքման ժամկետի 2 օր ավելացման; «Սեփականության գրանցում» ցուցիչով Հայաստանը հետընթաց է արձանագրել 1 կետով՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։  «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցիչով ետընթացը եղել է 1 կետ (զբաղեցրել է 22-րդ տեղը)՝ 130 օրով ավելացել է վեճերի լուծման ժամկետը, թեեւ մեր դատական դեպարտամենտ պնդում է, որ դա 65 օր է։ «Միջազգային առեւտուր» ցուցիչով նույնպես 1 կետով ետընթաց է արձանագրվել (117-րդ տեղը)։

Վրաստանը doing business-ում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ դիրքը բարելավելով 1 կետով, Թուրքիան դիրքերը բարելավել է 3 կետով եւ զբաղեցրել է 69-րդ տեղը, Ադրբեջանը զբաղեցրել է 70-րդ տեղը՝ դիրքը բարելավելով 1 կետով։ Ռուսաստանը զբաղեցրել է 92-րդ տեղը՝ դիրքը բարելավելով 19 կետով։ Հայաստանը ԱՊՀ երկրներից ունի ամենաբարձր գնահատականը: