ՀՀՇ կուսակցության մեռած եւ վերածնված թեւերի միջեւ հակամարտությունը, կապված կուսակցության անվանման հետ, կրկին սրվում է: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Վահագն Հայոցյանը, ներկայանալով «Հայոց համազգային շարժում» հ/կ-ի նախագահ, հաղորդագրություն է տարածել եւ հիշատակելով «Կուսակցությունների մասին» եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքները՝ տեղեկացրել է, որ ՀՀՇ անվանումն արդեն իսկ զբաղված է եւ վերածնված կուսակցությունը խախտումներով է կուսակցությունն անվանել Հայոց Համազգային Շարժում:
«Հայոց համազգային շարժում» (հապավումը` «ՀՀՇ») հ/կ-ն գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013-ին: Որպես ՀՀՇ հ/կ-ի խորհրդանշան՝ պետական գրանցում է ստացել նաեւ անվանափոխված ՀՀՇ կուսակցության` բոլորին հայտնի խորհրդանշանը («ՀՀՇ» հ/կ կանոնադրության հավելված 1):
ՀՀՇ կուսակցության վարչության նորընտիր նախագահ Արարատ Զուրաբյանը «Ժամանակի» հետ զրույցում երեկ ասաց, որ ծանոթ է Հայոցյանի հաղորդագրությանը եւ նրան մի բան կարող է միայն խորհուրդ տալ` ուսումնասիրել ՀՀ գործող օրենսդրությունը։
Արարատ Զուրաբյանը մեջբերեց Վահագն Հայոցյանի կողմից գրանցված հասարակական կազմակերպության ամբողջական անվանումը `«Հայոց համազգային շարժում ազատականության տարածման, ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն» (ՀՀՇԱՏԺԶՀԿ):
«Իրենց կազմակերպությունն այս անվանումով է գրանցված: Եթե այս անվանումը նույնն է, ինչ որ Համազգային Շարժում կուսակցությունը, ուրեմն այստեղ ես ոչինչ չեմ կարող ասել, ուրեմն գրագիտության հետ կապված խնդիրներ կան»,- ասաց Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է տարբերանշանին, ապա Զուրաբյանի խոսքով՝ այն ստեղծել է ինչ-որ մարդ, եւ այդ մարդուց պետք է հարցնել` ում համար է ստեղծել այդ տարբերանշանը, եւ ամեն ինչ պարզ կլինի: «Այս ամենը, հաղորդագրություններն առանձին մարդկանց շանտաժի միջոց են, բայց մենք նրանց ձեռքը կրակը չենք ընկնի»,- նկատեց Արարատ Զուրաբյանը»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























