Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը ինքնիշխան որոշում է, որը պետք է հարգել, հոկտեմբերի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Գաղտնիք բացահայտեմ: Ես սպասում էի նման հարցի: Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել: Սա ինքնիշխան որոշում է: Որոշում, որը հաշվի է առնում երկրի շահերը: Սա որոշում է, որը պետք է հարգել, եւ մենք հարգում ու ընդունում ենք այն», - նշել է դեսպանը:
Նա միաժամանակ հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունները բարձրագույն մակարդակով հայտարարում են ԵՄ-ի հետ բոլոր մակարդակներում հարաբերությունները պահպանելու ցանկության մասին, այնքանով, որքանով դա համապատասխանում է կայացված որոշմանը:
«Պարզապես կհավելեմ, որ այս երկու տարրերը պետք է մշտապես հիշել, երբ քննարկվում է հարցը: Բայց մենք կշարունակենք բոլոր հնարավոր ուղղություններով հարաբերությունների խորացումը», - վստահեցրել է դիվանագետը:
Հայաստանի վրա ՌԴ-ի կողմից հնարավոր ճնշումներին վերաբերող հարցին ի պատասխան դեսպանը նշել է, որ նման տեղեկության չի տիրապետում:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի՝ ՄՄ մտնելուց հետո հայ-ֆրանսիական կապերի կրճատմանը, Անրի Ռենոն կրկին նշել է բոլոր ոլորտներում համագործակցելու ՀՀ իշխանությունների մտադրությունը: «ԵՄ-ն չի փակել դռները եւ բաց է Հայաստանի համար»:
Դեսպանը հիշեցրել է, որ ԵՄ-ն քաղաքական կառույց է, եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նույնպես շարունակում է պահպանել քաղաքական ուղղվածությունը: Այս առումով Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության ոլորտներն անսահման են:





























