«Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանն այժմ Դուբայում է։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Դեռեւս հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա Հայաստան, բայց իր շրջապատում հայտարարել է, թե 2 տարի անազատության մեջ գտնվելուց հետո փորձելու է միառժամանակ հանգստանալ ծովափին։ Նշվում է նաեւ, որ Մ. Օհանյանը միացել է այժմ Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։
Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել Մ. Օհանյանի եղբորից՝ Մեծամորի նախկին ոստիկանապետ Մուշեղ Օհանյանից, որը հաստատեց մեր տեղեկությունը. «Այո, երկրից դուրս է եկել, մի քանի օրից նոր կվերադառնա»։ Ի դեպ, լուրեր կան, որ վերջին ժամանակահատվածում լարվել են նաեւ Օհանյան եղբայրների փոխհարաբերությունները, սակայն մեր զրուցակիցն ասաց, թե դրանք ընդամենը հերյուրանքներ են»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























