Հայաստանի հանրապետության Ճանպարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը մի քանի օր առաջ իր ընկերոջ՝ խնամու հետ մեկնել է Դուբայ՝ հանգստանալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա եղբայրը՝  Մեծամորի նախկին ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը:

Նա նշեց, որ եղբայրը մի քանի օրից կվերադառնա: Մուշեղ Օհանյանը հերքեց լուրերը, թե Մարգար Օհանյանն այնտեղ կմիանա հանգստացող Սամվել Ալեքսանյանին, ՍԱամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին: «Գնացել է Դուբայ հանգստանալու, բայց ոչ մեկի հետ հանդիպում չունի»,- ասաց Մեծամորի նախկին ոստիկանապետը:

Նշենք, որ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին ՃՈ պետ Մարգար Օհանյանն այժմ Դուբայում է։ Դեռեւս հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա Հայաստան, բայց իր շրջապատում հայտարարել է, թե 2 տարի անազատության մեջ գտնվելուց հետո փորձելու է միառժամանակ հանգստանալ ծովափին։ Նշվում է նաեւ, որ Մ. Օհանյանը միացել է այժմ Դուբայում իրենց հանգիստը վայելող տրիոյին՝ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։