Մանկատան սան, 27-ամյա Նելի Ստեփանյանը (անուն ազգանունը փոխված է) օրեր առաջ, երկար որոնումներից հետո գտել է մորը, սակայն տեսնելով նրա լուսանկարը, հիասթափվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեր Տունը» սոցիալական հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրանուհի Կարապետյանը:
Նա պատմեց, որ մայրն աղջկան 8 օրականում թողել է հիվանդանոցում եւ դիմում գրելով հրաժարվել նրանից՝ պատճառաբանելով, թե երեխան առողջական խնդիրներ ունի: «Դրանից հետո մայրը չի հետաքրքրվել անգամ պարզելու, թե լավ գոնե մահացել է, դիակը որտեղ է: Ավելին` աղջիկը նաեւ 4 եղբայրներին է գտել, որոնք եւս տարբեր մանկատներում են եղել: Եղբայրների հետ կապը պահում է, իսկ մոր հետ կտրականապես դեմ է շփվել: Նա մանկավարժական կրթություն ունի եւ հիմա աշխատանք ենք փնտրում նրա համար, որ մի քիչ ցրվի»,- պատմեց Տիգրանուհի Կարապետյանը եւ ավելացրեց, որ մոր լուսանկարին նայելով արդեն հասկանում ես, թե մարդկային ինչ որակների տեր անձնավորություն է:




























