Վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մոտ առկա է գանգուղեղային տրավմա, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ երգչուհին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: Առայժմ Շուշան Պետրոսյանը պետք է մի շարք հետազոտություններ անցնի: «Նա խոսում է, գիտակցությունը տեղն է, Վերակենդանացման բաժանմունքի հիվանդ չէ, ուղղակի նման դեպքերում պահում ենք Վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի հսկողության տակ լինի»,- նշեց Անատոլի Գնունին:
Նա նաեւ տեղեկացրեց, որ վթարի հետեւանքով իրենց մոտ, բացի Շուշան Պետրոսյանից, տեղափոխվել է եւս երկու հոգի, որոնք հրաժարվել են հոպիտալացումից։

Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետեւանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները եւ Reno-ի ուղեւորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Նաիրի», մի մասը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղեւորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը: Ոստիկանությունը պարզում է մյուս վիրավորների ինքնությունը: