Ուկրաինայի «կորուստը» ավելացնում է Եվրասիական միության կենսունակության անհաղթահարելի խոչընդոտները, ինչպես նաեւ լուրջ կասկածի տակ է դնում Մաքսային միության գրավչությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄՄ-ի անդամ երկրների միջեւ որոշակի խնդիրների առկայությանը՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման ճանապարհին:

Նրա խոսքով՝ Ղրիմում իրադարձությունների հետեւանքով, առավել հավանական է, Մոսկվան կվերսկսի «ազդեցության ոլորտների» կոնսոլիդացիան՝ օգտագործելով Մաքսային միությունում հարկադրական տնտեսական ու սահմանափակող միջոցառումները, որը հիմքն է «Եվրասիական միության» նորացված նախագծի համար, որն ուղղված է հետխորհրդային տարածքի երկրների «վերաինտեգրմանը»:

«Թեեւ դա կարող է համարվել որպես ՌԴ կողմից ղեկավարվող վերաինտեգրման գոյություն ունեցող նախագծերի բնական ընդլայնում, Եվրասիական միության հայեցակարգը անորոշ է եւ չհամաձայնեցված: Ավելին, անգամ պոտենցիալ տնտեսական խթանները շատ թույլ են եւ առաջարկվում են փոքր տնտեսական օգուտներ, մինչդեռ հիմնական օգուտները բաժին կհասնեն Ռուսաստանին»,-նշել է Ռիչարդ Կիրակոսյանը: