Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար տիկին Ռոբերտա Պինոտտիի հետ եւ քննարկել քննարկել հայ-իտալական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Իտալական կողմը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային կայունության եւ խաղաղության պահպանման գործողություններին` հատկապես ընդգծելով Հայաստանի` Լիբանանում իրականացվող ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը ուժեր տրամադրելու պատրաստակամությունը: Կողմերն ընդգծել են, որ համատեղ մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողությանը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար, մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության եւ այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել նաեւ միջազային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Իտալիայի կառուցողական եւ հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում Միավորված Ազգերի Ժամանակավոր Ուժերի շրջանակներում համագործակցության եւ օժանդակության մասին» տեխնիկական համաձայնագիրը, որով կարգավորվում են ՅՈՒՆԻՖԻԼ-ի իտալական զորախմբի կազմում հայկական խաղաղապահ դասակի ընդգրկման ընթացակարգերը: