Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատար Կարեն Առստամյանի եւ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի ուղեկցությամբ, Երեւանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների կենցաղային պայմաններին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարեւոր եւ պատասխանատու առաքելությունը, Տարոն Մարգարյանը նախ եւ առաջ շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու եւ ապահովելու աստիճանական զարգացումը նաեւ քաղաքամայր Երեւանում: Քաղաքապետը նաեւ շնորհակալություն է հայտնել հրամանատարներին` հայրենիքի արժանի պաշտպաններ դաստիարակելու համար: Հրաժեշտից առաջ Երեւանի քաղաքապետը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների եւ նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցել եւ աջակցելու է նրանց:





























