Ապագայում Հայաստանը կարող է վերադառնալ ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու` ԽՀԱԱ (DCFTA) համաձայնագրին;
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Նա նաև հավելել է, որ հետագայում եվրոպական և եվրասիական տնտեսական տարածքներում որակի ստանդարտներն անպայման կսկսեն մոտենալ միմյանց, դա բխում է ԱՀԿ-ի պահանջներից:
«Բրյուսելի պահվածքը վերջին ժամանակներս վկայում է, որ այն արդեն հակված չէ բաժանարար գծեր անցկացնելուն, այլ ավելի շուտ՝ ԵՏՄ-ի հետ ընդհանուր գծեր փնտրելուն: Նշանակում է, Հայաստանը կարող է ապագայում շարունակել եվրաինտեգրումը, գուցե՝ վերադառնալ DCFTA-ի հարցին»,- նշել է Մանասերյանը:
Հիշեցնենք, նախօրեին՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Եվրասիական միությանն անդամակցելուն: Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ համաձայնագրի ստորագրումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին:
ԵՄ-ի հետ DCFTA –ն Հայաստանը նախատեսում էր ստորագրել ասոցացման համաձայնագրի շրջանակում, որը սառեցվել էր 2013-ի սեպտեմբերին՝ Մաքսային միություն (այժմ՝ Եվրասիական տնտեսական միություն) մտնելու Հայաստանի որոշումից հետո:



























