Հայաստանում անց են կացվել ազգային խորհրդակցություններ, ընդունվել են 6 առաջնահերթություններ, որոնք կներառվեն 2015թ. հետո ՄԱԿ-ի զարգացման օրակարգի միջազգային ձեւաչափում: Այս մասին հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի  «Խաղաղությունը, անվտանգությունը և հակամարտության կանխարգելումը Հետ-2015-ի զարգացման օրակարգում»  նախագիծը ներկայացնելիս հայտարարել է ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հակամարտությունների կանխարգելման ծրագրի համակարգող  Ամալյա Գրիգորյանը:

Ըստ նրա՝ խաղաղությունը, անվտանգությունը եւ հիմնախնդիրների կանխարգելումը կարեւոր դեր են խաղում կայուն զարգացում ապահովելու գործում: «Մեր քայլերը հստակ ուղղված են  քաղաքացիական հասարակության իրազեկության բարձրացմանը, որպեսզի այն վեր հանի իր առաջնահերթությունները, որոնք պետք է ընդգրկել 2015 թ. հետո զարգացման օրակարգում: Ի տարբերություն Հազարամյակների զարգացման նպատակների օրակարգից՝ 2015 թ. հետո զարգացման օրակարգը կարող է  ներառական լինել», - նշել է Գրիգորյանը:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանն ընդգծել է, որ  հաշվի առնելով նախկին թերությունները, ՄԱԿ-ը որոշել է.  իր հետագա նպատակները եւ քայլերը պետք է սահմանի ցանկացած երկիր: «Հայաստանը 50 երկրների ցանկում է եղել, որոնք ազգային խորհրդակցություններ են անցկացրել: Դրանց արդյունքում 6 առաջնահերթություն է ձեւավորվել.  Տնտեսական աճ եւ զբաղվածություն, կայուն շրջակա միջավայր, իրավահավասարություն, սննդի անվտանգություն, առողջապահություն եւ  արդյունավետ կառավարում», - նշել է Արմինե Պոդոսյանը: