Միացյալ ազգերի կազմակերպությունը խնդիր է դրել 10 մլն մարդու ապահովել քաղաքացիությամբ, փոխանցում է News Mail-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի ռադիոն:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Անտոնիու Գութերիշը կարծում է, որ առանց քաղաքացիության անձինք իրավաբանորեն գոյություն չունեն: «Նրանք ոչ մի անձնագիր չունեն: Նրանց հասանելի չեն առողջապահության եւ կրթության  բնագավառները, նրանք ոչ մի իրավական պաշտպանություն չունեն: XXI դարում նման պայմանները անոմալիա են, դրանք անընդունելի են», - կարծում է Գութերիշը:

Աղբյուրը նշում է, որ մարդիկ կորցնում են քաղաքացիությունը տարբեր պատճառներով: Այսպես,  փախստականների ճամբարներում ծնված երեխաները հաճախ իրավունք չունեն քաղաքացիություն ստանալ ոչ այն երկրում, որտեղ ծնվել են, ոչ էլ այն պետությունում, որտեղից են իր ծնողները: Բացի դրանից, 27 երկրներում կանայք չեն կարող քաղաքացիությունը փոխանցել իրենց երեխաներին: