Բանակցություններն ընդհատվել էին այն բանից հետո, երբ թուրքական գիտահետազոտական նավը ռազմանավերի ուղեկցությամբ...
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցերով հատուկ խորհրդական Էսպեն Էյդսի առաջարկը Անկարայի հետ բանակցությունները վերսկսելու մասին։
Բանակցություններն ընդհատվել էին այն բանից հետո, երբ թուրքական գիտահետազոտական նավը ռազմանավերի ուղեկցությամբ բացառիկ տնտեսական գոտում օգտակար հանածների սեյսմիկ հետազոտություն էր սկսել։ Թուրքիան հայտարարում է, որ հետազոտություն էր իրականացնում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության համաձայնությամբ, որը աշխարհի երկրների մեծ մասի կողմից ճանաչված պետություն չէ։
«Էյդեի առաջարկով նախատեսում է երկհամայնքային խմբի ստեղծում, որը մանրամասն կուսումնասիրի ածխաջրածինների հանքավայրից ստացված շահույթի բաշխումը Կիպրոսի հարցի լուծումից հետո: Նախագահ Անաստասիադիսը մերժել է առաջարկը եւ այդ մասին տեղեկացրել կուսակցական առաջնորդներին եւ Սամարասին՝ Հունաստանի վարչապետի Կիպրոս այցի ժամանակ», — հայտնել է newsit.com.cy կայքը: Ըստ կայքի՝ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը նաեւ մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի առաջարկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Կիպրոսի թուրքերի առաջնորդ Դերվիշ Էրօղլուն առաջարկում է ածխաջրածինների հարցով ընդհանուր հանձնաժողով ստեղծել, սակայն Էյդեի գաղափարները նա նույնպես անբավարար է բնութագրել, գրում է թերթը:
«Ըստ զավթած տարածքներից ստացված լուրերի՝ Էրօղլուն հայտարարել է, որ կղզու երկու համայնքներն էլ բնական գազի իրավունք ունեն: Նա հավելել է, որ Կիպրոսի թուրքերը այսուհետ բանակցությունները շարունակելու այլ պայմաններ չեն ընդունի: Խոսելով այս հարցի վերաբերյալ Էյդեի առաջարկների մասին՝ Էրօղլուն ասել է, որ դրանք չեն բավարարում թուրքական համայնքին: Վերջում նա ասել է, որ չի ակնկալում, որ Կիպրոսի հույները կվերադառնան բանակցություններին», - գրում է թերթը:




























