ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռ խոցելու փաստով եւ կոչ է անում թույլ չտալ լարվածության հետագա աճ: Այս մասին Նյու Յորքում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը, հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց միջազգային գործընկերների լուրջ անհանգստությունը՝ կապված նոյեմբերի 12-ին շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու, այդ թվում գործողությունների հետ, որը հանգեցրել է ռազմական ուղղաթիռի կործանման եւ անձնակազմի շարքում զոհերի»,-հայտարարել է մամուլի քարտուղարը:
ՄԱԿ-ի ղեկավարը դիմել է հակամարտող կողմերին՝ կոչ անելով հետեւել հրադադարի համաձայնագրին: Բան Կի-Մունը խորհուրդ է տվել նրանց ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա լարման, կատարել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու իրենց խոստումները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւս մեկ անգամ ամբողջական աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ երեք համանախագահներին, որոնք օգնում են կողմերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է:
Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ հնարավոր է անձնակազմի անդամներից մեկը ողջ լինի:




























