Իտալիա կատարած այցի ընթացքում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-21-ին մասնակցել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եւ ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովի» աշխատանքներին:

Գյուղնախի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարը ելույթ ունեցավ համաժողովում՝ պարենի ապահովման եւ սովի դեմ պայքարի վերաբերյալ թեմայով:

Նոյեմբերի 21-ին նախարար Կարապետյանին ընդունեց ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվան: Հանդիպմանը ներկա էր Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:

Քննարկվեցին կազմակերպության եւ Հայաստանի միջեւ գործող ծրագրերը եւ հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նախարար Կարապետյանը մանրամասն ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները եւ դրանց հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Գոհունակություն հայտնվեց մի շարք համատեղ ծրագրերի, մասնավորապես ձկնաբուծական տնտեսություններում ջրային պաշարների օգտագործման խնայող ռեժիմներ ներդնելու, ինչպես նաեւ հայկական խաղողի եւ ծիրանի գենետիկ ռեսուրսները պահպանելու նպատակով կոլեկցիոն այգիներ  հիմնելու վերաբերյալ:

Գլխավոր տնօրենը ողջունեց գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը եւ իր աջակցությունը հայտնեց փոքր գյուղական տնտեսությունների՝ կոոպերացիայի միջոցով միավորման ռազմավարությանը:

Նախարար Կարապետյանը գլխավոր տնօրենին հրավիրեց այցելել Հայաստան: