Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շվեյցարական Բազելում կայացած հանդիպմանը քննարկել են շարունակվող «ջանքերը՝ ուղղված բանակցությունների ճանապարհով Ուկրաինայում հակամարտության կողմերի շփման գծում հրադադար ապահովելուն»: Այս մասին լրագրողներին ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով, Ուկրաինայում տիրող իրավիճակի դիտարկման համատեքստում Քերրին նաեւ «կոչ է արել վերադառնալ Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք իրականացմանը վերաբերող լուրջ քննարկմանը»:

Միաժամանակ, ռուսական եւ ամերիկյան դիվանագիտությունների ղեկավարները խոսել են Իրանի միջուկային ծրագրի կարգավորման ընթացքի, Սիրիայում քաղաքացիական պատերազմի, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրադրության մասին:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Լավրովն ու Քերրին «խոսել են Սիրիայում շարունակվող ճգնաժամի եւ այն մասին, արդյո՞ք հնարավոր է պայմաններ ստեղծել Դամասկոսում նոր իշխանության անցման մասին լուրջ խոսակցության համար»: Բացի այդ, նախարարները քննարկել են Իրանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական «հնգյակի» ու Գերմանիայի «հետագա քայլերը բանակցություններում», որոնք ուղղված են Թեհրանի միջուկային խնդրի կարգավորմանը հասնելուն:

Եվ վերջապես, Քերրին Լավրովին տեղեկացրել է չորեքշաբթի Բրյուսելում կայացած՝ ԻՊ-ի դեմ հակազդեցությանը նվիրված նախարարական խորհրդակցության արդյունքների, ինչպես նաեւ «իսրայելցիների եւ պաղեստինցիների հետ իր շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին՝ հաշվի առնելով իրադարձությունների շրջանում քաղաքական եւ անվտանգության ոլորտներում իրավիճակը»: