Հայաստանի ճգնաժամային կառավարման կենտրոնն ու Արագ արձագանքման «911» ծառայությունն ընդգրկվել են աղետների վտանգի նվազեցման ոլորտում ՄԱԿ-ի՝ Սասակավայի անվան մրցանակաբաշխության 33 հավակնորդների ցանկում:

ՄԱԿ-ի համապատասխան վարչության կայքի համաձայն, 2015 թվականի մրցանակաբաշխության համար հսկայական թվով հայտեր են ստացվել անհատներից եւ կազմակերպություններից. 88 հայտ՝ 44 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Աֆրիկայից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայից, Ասիայից, Եվրոպայից եւ Օվկիանիայից ժյուրիի չորս անդամներ նախապես 33 թեկնածու են ընտրել, որոնք էլ շարունակելու են մրցանակի համար պայքարը:

Սասակավայի անվան մրցանակի դափնեկիրը հայտարարվելու է 2015 թվականի մարտին, Ճապոնիայի Սենդաե քաղաքում նախանշված ՄԱԿ-ի աղետների վտանգի նվազեցման 3-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում: Սպասվում է, որ վերջնական քննարկումները ժյուրին կանցկացնի մինչեւ վերջին ժամերը, ինչից հետո մարտի 17-ին Սենդաեում տեղի կունենա պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

ՄԱԿ-ի աղետների վտանգի նվազեցման վարչության ղեկավար Մարգարետա Վալստրյոմը ողջունել է 2015 թվականին Սասակավայի անվան մրցանակաբաշխության հանդեպ հսկայական հետաքրքրությունը: «Ստացված հայտերի թիվը վկայում է մրցանակաբաշխության հեղինակության եւ ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի անկանխատեսելի, ինտենսիվ եւ հաճախակի տեղի ունեցող աղետների խնդրի արդիականության մասին»,- նշել է նա: