Ռուսական տնտեսությանը 2015թ. լճացում է սպասվում, աճի տեմպերը կնվազեն ԱՊՀ բոլոր երկրներում ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրադրության հետեւանքով, ասված է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցում:
2014թ. արդյունքում, ըստ մասնագետների, Ռուսաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 0,5%, իսկ 2015թ.՝ 0,2%: Ընդ որում՝ Ուկրաինային ավելի խոր անկում է սպասվում:
ՌԴ-ի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները, ինչպես նաեւ Ռուսաստանի պատասխան միջոցները ազդել են ԵՄ մի շարք երկրների տնտեսությունների վրա: Մասնավորապես, 2014թ. երկրորդ եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ի աճի դանդաղումը մասամբ պայմանավորված էր Ռուսաստան արտահանման կրճատմամբ:
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները լուրջ վնաս կպատճառեն Ռուսաստանի հետ առեւտրային կապերից կախում ունեցող երկրներին, այդ թվում՝ Արգենտինային, Բրազիլիային, Սերբիային, Թուրքիային: Միաժամանակ, ԱՊՀ առանձին պետություններ կարող են օգտվել դրանից, հայտնում է lenta.ru-ն:
Բացի այդ, ռուբլու արժեզրկման հետեւանքով, ըստ ՄԱԿ-ի, կտուժի զբոսաշրջային բիզնեսն ամբողջ աշխարհում:
Ընդհանուր առմամբ, առաջիկա երկու տարում համաշխարհային տնտեսության գլոբալ աճը կկազմի 3,1-3,3%, ինչը 0,5-0,7%-ով է բարձր 2014թ.-ից:
ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 2,8%-ով՝ 2015թ. եւ 3,1%-ով՝ 2016թ.: Արեւմտյան Եվրոպային ՀՆԱ-ի աննշան աճ է սպասվում, իսկ Ճապոնիան կբախվի տնտեսական աճի դանդաղման:




























