Հարկադիր տեղահանվածների թիվը 2014 թվականի կեսին հասել է պատմության մեջ ռեկորդային նշագծին՝ 46.3 մլն մարդ: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», այս մասին ասվում է չորեքշաբթի հրապարակված Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի զեկույցում:

«2014թ. մենք ականատես եղանք, որ մեր հովանու ներքո գտնվող անձանց թիվը հասել է աննախադեպ մակարդակի»,- ասվում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշի զեկույցում: «Քանի դեռ միջազգային հանրությունը գոյություն ունեցող հակամարտություններին չի կարողանում քաղաքական լուծում տալ, ինչպես նաեւ ի վիճակի չէ կանխել նորերը, մենք կշարունակենք գործ ունենալ դրամատիկ հումանիտար հետեւանքների հետ»,- նշել է նա:

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակը փախստականների թվի աճի պատճառներից է համարում Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում ծավալվող պատերազմները՝ հայտարարելով, որ օգնություն է տրամադրում նաեւ Սիրիայում Աֆղանստանում, Սուդանում, Հարավային Սուդանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Իրաքում, Մյանմայում եւ այլ թեժ կետերում հակամարտությունների գոտին լքած անձանց: