Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը գտնվում է Հայաստանում, նրա տեղափոխումը այդքան շուտ չի լինի: Այս մասին հայտնեց NEWS.am-ի իրավապահ համակարգին կանգնած մոտ աղբյուրը:

Այսօր լրանում է Պերմյակովի ձերբակալության 48 ժամը, պետք է որոշվի խափանման միջոցի ընտրության հարցը: Ըստ որում՝ Ռուսաստանի օրենսդրությունը թույլ է տալիս անձի նկատմամբ խափանման միջոց ընտրել մինչեւ մեղադրանք առաջադրելը: Վալերի Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայում՝ ուժեղացված հսկողության ներքո:

Առաջիկայում նախատեսվում է միացնել նրա դեմ հարուցված երկու գործերն էլ: Սպանության մասով գործի քննությունը պետք է կատարվի այստեղ, այդ պատճառով էլ Պերմյակովը կմնա Հայաստանում, որպեսզի մասնակցի քննչական գործողությունների, փորձարարությունների եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: