Եթե Հայաստանը չի ուղարկել ՄԻԵԴ դատավորի մրցույթում հաղթած անձանց ցուցակը, ինչպես են իրազեկել, թե թեկնածուների հետ նշանակվել են հարցազրույցներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորման» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանը:

ԻՀԿ-ն կասկածի տակ է դնում ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե մի թեկնածուի հաշվով է եղել առարկություն: «Եթե այդպես է, թող  բացահայտեն ո՞ր թեկնածուի, որպեսզի ապագայում բացառվի նրա մասնակցությունը, պետության ռեսուրսները սպառելու հանգամանքը»,-ասաց Լուսինե Հակոբյանը:

Նա պարզաբանեց, որ խորհրդատվական մարմինը գաղտնապահության կարգով պետությանը տրամադրում է խորհրդատվություն՝ կարծիքի տեսքով, սակայն փորձագիտական կարծիքը թեեւ կոչվում է խորհրդատվական, այն ըստ էության պարտադիր ուժ ունի եւ չի եղել, որ խորհրդատվական խումբը տվել է բացասական կարծիք, իսկ խորհրդարանական վեհաժողովը քվեարկել է ցուցակում ընդգրկվածներից մեկի օգտին:

Նա հիշեցրեց, որ խորհրդատվական մարմնի կարծիքը նախորդում է ցուցակը պաշտոնապես ուղարկելուն եւ թեկնածուների հետ հարցազրույց չէր կարող նշանակվել առանց ցուցակը ուղարկելու: Լուսինե Հակոբյանի խոսքով՝ ակնհայտ է, որ խորհրդատվական մարմնի կողմից բացասական կարծիքը նշանակում է, որ ցուցակը որեւէ շանս չունի ԵԽԽՎ-ում եւ միակ ելքը պետության կողմից այն պաշտոնապես չներկայացնելն է:

Նշենք, որ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը iravaban.net-ին ասել էր, թե Արտաքին գործերի նախարարությունը ստացել է ՀՀ կողմից հայցված ԵԽ նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի 2014թ. դեկտեմբերի 22-ի կարծիքը, ըստ որի ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար ՀՀ կողմից ներկայացված թեկնածուներից մեկը ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Նկատի ունենալով վերոհիշյալը` որոշվել է ՀՀ կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել, ուստի այն ԵԽԽՎ կողմից չէր կարող մերժվել:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։  Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները: