Այս պահին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խումբը քննարկում է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը:
Հայաստանը մեկն է 14 պետություններից, որոնք ՀՊԴ աշխատանքային խմբի կողմից կդիտարկվեն հունվարի 19-ից մինչեւ 30-ը տեղի ունենալիք առաջիկա նստաշրջանի ընթացքում: Հայաստանի առաջին Համընդհանուր պարբերական դիտարկումը տեղի է ունեցել 2010 թ. մայիսի 6-ին:
Դիտարկումը տեղի է ունենում հետեւյալ փաստաթղթերի հիման վրա. 1) ազգային զեկույց. վերանայման շրջանակներում Պետության կողմից ներկայացված տեղեկություններ, 2) մարդու իրավունքների ոլորտի անկախ փորձագետների եւ խմբերի, մարդու իրավունքների պայմանագրային մարմինների եւ ՄԱԿ-ի այլ մարմինների զեկույցներում ներառված տեղեկություններ, 3) այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում մարդու իրավունքների ազգային հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տրամադրված տեղեկություններ:
Վերոնշյալ փաստաթղթերում բարձրացված հարցերի թվում են հետեւյալները.
• խտրականության դեմ պայքար,
• ազգային փոքրամասնությունների իրավունքներ,
• սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիման վրա խտրականություն եւ ԼԳԲՏ անձանց պաշտպանություն,
• խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի արգելում,
• կամայական ազատազրկում, իրավապահ մարմինների աշխատակիցների պատասխանատվություն ուժի ոչ իրավաչափ կիրառման պարագայում,
• կանանց նկատմամբ բռնություն եւ բռնությունների զոհերի փոխհատուցում,
• դատական համակարգի անկախություն եւ արդարադատության մատչելիություն,
• կրոնի եւ համոզմունքի, խաղաղ հավաքների եւ արտահայտման ազատության իրացում,
• իրավական երաշխիքներ լրագրողների եւ իրավապաշտպանների համար, առողջապահական ծառայությունների հասանելիություն,
• անվճար միջնակարգ կրթության ապահովում,
• հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորություններ,
• արդարացի եւ բարենպաստ աշխատանքային պայմաններ,
• սեփականության իրավունքներ՝ կապված հանքարդյունաբերության նպատակով հողերի տրամադրման հետ:




























