Ժնեւում հունվարի 22-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել է Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների եւ առկա խնդիրների վերաբեյալ:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարությունների, գլխավոր դատախազության, ոստիկանության, միգրացիոն պետական ծառայության եւ հեռուստառադիոյի պետական հանձնաժողովի ներկայացուցիչները:

Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական եւ պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, ՀՀ կողմից ձեռնարկված եւ նախատեսվող քայլերը: Պատվիրակության անդամները ներկայացրին իրենց բնագավառներին վերաբերող իրավիճակը, կատարված ու նախատեսված աշխատանքները:

Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանեց ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից բարձրացված գրավոր ու բանավոր հարցերին, ինչպես նաեւ անդրադարձավ ներկայացված այլընտրանքային զեկույցներում բարձրացված խնդիրներին:

Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի զեկույցի շրջանակներում ելույթ ունեցան 71 երկրների ներկայացուցիչներ: Զեկույցի քննարկմանը կհաջորդի երկրների կողմից ներկայացված առաջարկությունների եւ զեկույցի ընդունումը:

Նշենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի առաջին դիտարկումն իրականացվել է 2010թ.: Զեկույցը ներկայացվում է 4,5 տարի պարբերականությամբ: