Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը անհանգստություն է հայտնել մի շարք երկրներում, որոնց թվում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Ռուսաստանում եւ Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ։

Ինչպես հայտնում է «Ռադիո Վատիկան»-ը, մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ խորհրդում Զեյդ Ռադ ալ Հուսեյնը իր ելույթի ժամանակ նախազգուշացրել է, որ աշխարհը հնարավոր է կանգնած է անմեղ մարդկանց ահաբեկողների դեմ պայքարում բեկումնային պահի առաջ։ Նա կոչ է անում պետություններին պահպանել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, որոնք ընկած են ծայրահեղականության դեմ պայքարող հասարակությունների հիմքում։

Գերագույն հանձնակատարը  նաեւ նշել է, որ ինքը խորապես անհանգստացած է շատ երկրներում մարդու խոսքի ազատությունը սահմանափակող միջոցառումների կապակցությամբ եւ նշել է այնպիսի երկներ, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Բուրունդին, Կոնգոյի ժողովրդավարական հանրապետությունը, Եգիպտոսը, Հունգարիան, Մյանմարը, օկուպացված Պաղեստինը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տանզանիան, Թաիլանդը, Թուրքիան, Վենեսուելան եւ Վիետնամը։