Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է (International Women's Day): Այդ օրը նշում են քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտում կանանց ձեռքբերումները, նրանց անցյալը, ներկան եւ ապագան:
Ըստ Calend-ի, ժամանակակից աշխարհում Կանանց օրն արդեն հավասարության պնդման նպատակ չունի, այլ համարվում է գարնան, կանացի գեղեցկության, քնքշության, հոգեւոր իմաստության եւ կանանց հանդեպ ուշադրության օր:
Այդ տոնը Կանանց միջազգային օրվա կարգավիճակ է ստացել ՄԱԿ-ի 1975 թվականի որոշմամբ: Այդ օրը կանայք, որոնք տարանջատված են ազգային սահմաններով կամ էթնիկական, լեզվական, մշակութային, տնտեսական եւ քաղաքական տարբերություններով, հնարավորություն ունեն հավաքվել եւ հիշել ավանդույթները, որոնք մարմնավորում են հավասարության, արդարության, խաղաղության եւ զարգացման համար պայքարը:





























