Հայաստանը միացել է «Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների եւ այլ համայնքների իրավունքների պաշտպանության» մասին հայտարարությանը, որը ընդունվել էր մարտի 13-ին Ժնեւում  Ռուսաստանի, Վատիկանի եւ Լիբանանի նախաձեռնությամբ  կայացած մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ խորհրդի 28-րդ նստաշրջանում։

Համաձայն ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությանը՝ հեղինակներից բացի, նախաձեռնության հայտարարությանը միացել է եւս 65 պետություն, որոնց թվում՝ Հայաստանը, Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ն, Չեխիան, Ճապոնիան, Ֆրանսիան եւ այլն

Փաստաթուղթը լուրջ անհանգստություն է հայտնում աշխարհում եւ հատկապես Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների դրության վերաբերյալ։ Հատկապես տագնապալի է Մերձավոր Արեւելքում տարբեր կրոնական պատկանելություն ունեցող համայնքների վիճակը, որոնք հարկադրված են լքել իրենց բնակավայրերը։ Իսկ նրանք, ովքեր մնացել են արմատական խմբավորումների կողմից վերահսկվող տարածքներում, ապրում են մշտական սպառնալիքի ներքո։ Փաստաթղթում նշվում է, որ քրիստոնյաներն ու այլ կրոնական համայնքները իսլամական խմբավորումների կողմից բռնության են ենթարկվում։ Փաստաթուղթը միջազգային հանրությանը կոչ է անում պաշտպանել Մերձավոր Արեւելքում խոր արմատներ ունեցող քրիստոնեական համայնքները։