ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը եւ ՀՀ ՏԿԱԻ նախարարությունն այսօր՝ մարտի 18-ին, հայտարարեցին «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի մեկնարկի մասին: Այն իրականացնում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը` ՀՀ ՏԿԱԻ նախարարության հետ սերտ համագործակցությամբ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ:
Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ով մասնավորապես ասաց. «ՄԱԶԾ-ն փորձում է Հայաստանի հեռավոր համայնքների համար ապահովել ոչ թե կարճաժամկետ, իրավիճակային օգնություն, այլ` աջակցել կայուն զարգացմանը: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ՀՀ եւ ՌԴ կառավարություններին` գերազանց համագործակցության եւ խոցելի համայնքներին աջակցելու համար»:
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր խոսքում ընդգծեց, որ գրեթե բոլոր նախաձեռնություններում ՄԱԿ-ը մշտապես եղել է նախարարության կողքին. «ՄԱԿ-ի գրասենյակի հետ համագործակցության մասին կարելի է շատ երկար խոսել` սկսած Հյոգոյի գործողությունների ծրագրին Հայաստանի միանալու եւ 2010 թ. մեր ԱՌՆ ազգային պլատֆորմը ստեղծելու պահից ՄԱԿ-ը եղել է մեր կողքին եւ աջակցել մեր բոլոր ծրագրերին եւ´ արտակարգ իրավիճակների, եւ´ տարածքային կառավարման ու զարգացման ոլորտներում: Օգտվելով առիթից` ուզում եմ նաեւ ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել համագործակցության համար եւ վստահեցնել, որ ծրագիրը հաջողություն կունենա»:
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը տեղեկացրեց, որ ներկայումս ՌԴ կառավարության օժանդակությամբ ՄԱԶԾ-ն մի քանի նման ծրագիր է իրականացնում նաեւ ԱՊՀ այլ երկրներում. «Մենք կարեւորում ենք այն փաստը, որ ծրագիրն ուղղված է սահմանամերձ համայնքների համահավասար զարգացմանը եւ հուսով ենք, որ այն կօգնի մեր ռազմավարական գործընկեր Հայաստանին հասնելու իր առջեւ դրված նպատակներին»:
Ծրագրի մեկնարկը հավաստող փաստաթղթերը ստորագրեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը նշեց, որ այս ծրագիրը համահունչ է թե´ համայնքների զարգացման պլաններին, թե´ մարզում առկա խնդիրներին, եւ հավաստեց, որ ծրագրի ավարտին լավ արդյունքներ են արձանագրվելու:
Գյուղական զարգացման ծրագիրը տարբեր ուղղություններով օժանդակելու է Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների` բնակիչների ներգրավում համայնքների զարգացման ծրագրերի մշակմանը, ուսուցում, աջակցություն գյուղատնտեսական ոլորտին, ենթակառուցվածքների վերականգնում, եկամուտ ստեղծող ծրագրեր եւ այլն:




























