Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման շուրջ քննարկումներ են ընթանում: Այս մասին գրում է գերմանական Die Zeit պարբերականը:
Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ են «Ձախերն» ու «Կանաչները» (որոնք, իհարկե, խորհրդարանում փոքրամասնություն են կազմում - խմբ.): Այլ խմբակցություններ, ինչպես նաեւ Կառավարությունը, հակափաստարկներ են ներկայացնում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում պոտենցիալ դաշնակից Թուրքիայի հետ անցանկալի բարդությունների վերաբերյալ: Բացի այդ, հունիսին տեղական ընտրություններ են Համբուրգում եւ Բրեմենում (որտեղ թուրքական բնակչությունը մեծ չէ, բայց զգալի թիվ է կազմում. 2.7% եւ 4.4% համապատասխանաբար - խմբ.):
Երկու այլ խմբակցություններ՝ ՔԴՄ/ՔՍՄ-ն եւ սոցիալ-դեմոկրատները, ցանկանում են խուսափել «Ցեղասպանություն» բառի ուղղակի հիշատակումից, եւ նրանց կազմած հռչակագրի նախագծում այդ եզրույթը նշված է միայն բացատրությունների բաժնում, ինչպես 10 տարի առաջ Բունդեսթագում ընդունված համատեղ բանաձեւում:
Ըստ պարբերականի, համատեղ տեքստի առաջին խմբագրության մեջ «Ցեղասպանություն» բառն առկա էր վերնագրում: Սակայն վերջնականում, որը մշակվել է խմբակցությունների ղեկավարների եւ ԱԳՆ ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ բառը բացակայում է:
«Դաշինք 90 - Կանաչներ» խմբակցության համանախագահ Ջեմ Էզդեմիրը եւ «Ձախերի» խմբակցության նախագահ, Բունդեսթագի փոխխոսնակ Պետրա Պաուն ընդգծել են, որ իրենց խմբակցությունների հետ կողմ են «Ցեղասպանություն» ձեւակերպմանը: Նրանք համախոհներ ունեն նաեւ քրիստոնեա-դեմոկրատների եւ սոցիալ-դեմոկրատների շրջանում:
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Նիթանն ասել է. «Հիասթափված եմ, որ վճռորոշ պահին քաջությունը չի բավականացնում հայտարարելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Եթե գերմանական խորհրդարանը բացահայտորեն հայտարարի Ցեղասպանության մասին, այդպիսով կաջակցի հենց Թուրքիայում քաղաքացիական հասարակությանը, որը ներկայում զբաղվում է այդ հարցերով»:




























